Կսահմանվի ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը

10:31, 19 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք իրավունք ունեն հուղարկավորվել ընտանեկան գերեզմանում:

Ըստ նախագծի՝ ընտանիքի անդամ են հանդիսանում և ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք են ունենում ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ կամ ոչ հարազատ համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ամուսինը, ամուսնու ծնողները, վերջինիս համար փեսան և հարսը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի և Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 «կողմ», 1 «դեմ» և 23 «ձեռնպահ» ձայներով:


© 2009 ARMENPRESS.am