Շրջակա միջավայրի նախարարը մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում. տնկվեց 10 հազար ծառ

16:34, 17 Ապրիլ, 2021

ԳԱՎԱՌ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը  մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարի հետ ծառատունկին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը,  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնական այլ անձինք: Ծառատունկը կատարվեց Մարտունու ռազմական ոստիկանության շենքի հարակից տարածքում, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ աշխատակիցների ուժերով:

Տնկվեց 10 հազար ծառ՝ հիմնականում բարդի եւ սոճի: Ծառատունկի ավարտին նախարարը զրուցեց «Սեւան Ազգային պարկ»-ի ղեկավարության եւ աշխատակիցների հետ՝ քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող բնապահպանական, ինչպես նաեւ աշխատանքային ընթացիկ  խնդիրներ: Ռոմանոս Պետրոսյանը խոսեց նաեւ ծառատունկի իրականացման, հետագա պահպանության ու խնդիրների մասին: 

«Այսօր մենք Գեղարքունիքում ենք Հայաստանում 10 միլիոն ծառատունկ կատարելու ծրագրի շրջանակներում: Ընտրվել է այնպիսի տեղանք, որպեսզի ապահովված լինի նաեւ տնկված ծառերի խնամքն ու պահպանությունը: Ծառատունկը կընթանա մի քանի փուլերով, եւ կավարտվի այս տարվա ընթացքում: Նկատելի ծավալի ծառատունկ կիրականացվի նաեւ Գեղարքունիքի մարզում: Այն կներառի ինչպես «Սեւան Ազգային պարկ» -ի տարածքը, այնպես էլ՝ բնակավայրերի ներսի կամ շրջակայքի տարածքները»,-ներկայացրեց Ռոմանոս Պետրոսյանը:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանի՝ Գեղարքունիքի մարզում ընդհանուր ծառատունկի օր հայտարարված է 2021 թվականի ապրիլի 25-ին, որի ընթացքում նախատեսվում է տնկել մինչեւ 20 հազար ծառ:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am