Սոցիալական աշխատանք. Ինչպե՞ս այն կարող է փոխել մարդկանց կյանքի որակը

16:00, 12 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական աշխատողները հասարակության խիղճն են։ Այս մասնագետները «դեմքով կանգնած են դեպի մարդկանց» և օգնում են լուծել իրենց կյանքում առաջ եկած խնդիրները։ Այսպես է բնութագրում իր գործընկերներին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, որը պատմում է, թե ինչպես կարելի է հայ հասարակության կյանքի որակը բարելավել՝ ստեղծելով սոցիալական պաշտպանության գրագետ համակարգ։ Նշված նպատակին է ուղղված եռամյա նոր ծրագիրը՝ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում»-ը, որն իրականացվում է ասոցիացիայի կողմից՝ Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով): Ծրագրին իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցության ներքո: Ծրագրի համատեքստում Միրա Անտոնյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության համակարգի ներկայիս դրությունը։  

- Ի՞նչ է սոցիալական աշխատանքը, և ո՞ւմ է այն ուղղված։

- Սոցիալական աշխատանքը մարդկանց սոցիալական հարաբերությունների որակի մասին է։ Սովորաբար, մարդու սոցիալական կարիքների մասին խոսելիս շեշտը դրվում է միայն բազային կարիքների վրա, ինչպիսիք են ֆինանսական հնարավորությունները, գույքային պայմանները, այս կամ այն ծառայություններին հասանելիությունը և այլն։ Սակայն մարդու սոցիալական կարիքներն ավելի լայն շրջանակ ունեն և հիմնված են սոցիալական հարաբերությունների վրա։ Խոսքն ընտանիքի, միջավայրի, այլ մարդկանց հետ որակյալ հարաբերություններ հաստատելու ունակությունների մասին է։ Սոցիալական աշխատողի դերը մարդկանց օգնելն է սոցիալական հարաբերություններ հաստատելու գործում և նրանց հասարակության լիարժեք ու ինքնաբավ անդամ դարձնելու հարցում։

- Ի՞նչ նկատի ունենք սոցիալական հարաբերությունների որակ ասելով

-Բոլոր մարդիկ ունեն խնդիրներ և մեր կյանքն, ըստ էության, անվերջանալի խնդիրների շղթայի լուծումն է ամենօրյա ռեժիմով։ Ինքնաբավ են այն մարդիկ, որոնք ոչ թե չունեն խնդիրներ (այդպիսի մարդիկ առհասարակ չկան), այլ գիտեն, թե ինչպես օգտագործեն իրենց ձեռքի տակ եղած ռեսուրսներն այդ խնդիրները լուծելու համար: Այս մարդիկ գիտեն՝ ինչպես օգտագործել իրենց սոցիալական կապերը, որպեսզի միաժամանակ իրենք օգտակար լինեն մյուսներին, իսկ մյուսներից էլ ստանան իրենց անհրաժեշտ օգնությունը։ Կան մարդիկ, որոնք թերանում են այս հարցում, քանի որ չունեն համապատասխան հմտություններ, իսկ ավելի կոնկրետ՝ սոցիալական հարաբերություններ հաստատելու ունակություն։  Այս մարդիկ է, որ ունեն սոցիալական աշխատողի օգնության կարիքը։

Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ ես նկատի ունեմ ոչ թե մարդու կրթական մակարդակը, այլ հասարակության մեջ ապրելու նրա հմտությունները։ Լավ կրթություն և ինտելեկտ ունեցող շատ մարդիկ նույնպես չունեն կյանքի, հարաբերություններ հաստատելու և պահելու հմտություններ, պատասխանատվության զգացում, կյանքը և ֆինանսները պլանավորելու կարողություն և այլն։ Այսինքն՝ մենք խոսում ենք սոցիալական հարաբերությունների և առաջին հայացքից շատ պարզ թվացող հմտությունների մասին։ Այսպիսով՝ սոցիալական աշխատողը շահառուին կամ կարիքի մեջ հայտնված մարդուն հաղորդում է հմտություններ, և օգնում ապրել ինքն իր և շրջապատի հետ ներդաշնակության մեջ։

- Ի՞նչ է աղքատությունը։

- Ոլորտի բարեփոխման մեր նոր ծրագրի կարգախոսն է՝ «Հաղթահարելով աղքատությունը»։ Վստահաբար, կարիք կա պարզաբանելու, թե ինչ նկատի ունենք մենք՝ աղքատություն ասելով։ Չէ՞ որ աղքատությունը հետևանքն է։ Աղքատ են շատերը, բայց,բարեբախտաբար, աղքատության մշակույթից տուժում են համեմատաբար քիչ թվով մարդիկ։ Կան աղքատ ընտանիքներ, որոնք, սակայն, շատ մաքրակենցաղ են, ուշադիր են իրենց երեխաների հանդեպ, քնելուց առաջ նրանց հեքիաթ են պատմում, էներգետիկա և սեր են փոխանցում։ Այս մարդիկ սոցիալական աշխատողի օգնության կարիքը գրեթե չունեն, քանի որ ինքնաբավ են։ Կան նաև ընտանիքներ, որոնք աղքատ լինելուց զատ, էլ ոչինչ չունեն փոխանցելու իրենց երեխաներին։ Այն ամենը, ինչը մարդուն դարձնում է մեր ծրագրի շահառու կամ մեկը, ով ունի սոցիալական աշխատողի օգնության կարիքը, ոչ թե ինքնին աղքատությունն է, այլ, ի լրումն դրա, առաջ եկած խնդիրները։ Ինչո՞ւ․որովհետև, եթե մեր նպատակը լիներ բացառապես ֆինանսական խնդիր լուծելը, մենք պարզապես գումար կբաժանեինք մարդկանց կամ կներառեինք նպաստառուների համակարգում, ինչն այսօր, ըստ էության, արվում է պետական ռազմավարության շրջանակում։

- Ինչպիսի՞ն է այսօր սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում։

- Համակարգի մասին պատկերացում կազմելու համար պետք է հասկանանք, թե որոնք են այդ համակարգի բաղադրիչները։ Խոսենք սոցիալական պաշտպանության ոլորտում մեր պետական հայեցակարգի մասին, որը ժառանգել ենք խորհրդային անցյալից, երբ սոցիալական պաշտպանության համակարգում հաշվի էր առնվում անձի խոցելիությունը, այսինքն՝ տեսանելի, չափելի կամ ֆինանսական վիճակը կամ, օրինակ, հաշմանդամությունը։ Մինչդեռ առաջադեմ պրակտիկան աշխարհում առաջնորդվում է ոչ թե խոցելիության, այլ ռիսկայնության չափորոշիչներով։ Սա նշանակում է, որ աղքատ մարդը կարող է խոցելի համարվել, բայց ոչ ռիսկային, քանի որ ինքնաբավ է ապրում։ Մարդու կենսագործունեության համար խոցելիությունը չի նշանակում, որ մարդը դատապարտված է։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ կան, որոնք շատերից ավելի ինքնաբավ կյանքով են ապրում և ռիսկային խումբ չեն համարվում սոցիալական աշխատողի համար։ Մեր պետական ծրագրերում սոցիալական աշխատողներն առաջնորդվում են խոցելիության չափորոշիչներով, և միայն ՀԿ սեկտորում է, որ մենք կարող ենք ոչ թե խոցելիություն, այլ ռիսկայնություն չափել։ Միայն խոցելիության չափորոշիչներով առաջնորդվելով՝ մենք չենք ստանում իրական պատկեր այն մասին, թե ովքեր և ինչ չափով ունեն սոցիալական պաշտպանության համակարգի օգնության կարիքը։      

- Ինչպե՞ս է ծրագիրը նպաստելու այս խնդիրների լուծմանը։

- Մի կողմից՝ մենք փորձելու ենք ուղերձ հղել պետական համակարգին՝ առաջարկելով վերանայել մոտեցումները և շեշտը դնել ոչ թե խոցելիության, այլ ռիսկայնության վրա։ Մյուս կողմից՝ ուղերձ ենք հղելու դեպի տարբեր ինստիտուտներ, որպեսզի բոլոր մարդկանց համահավասար մոտեցում չցուցաբերվի, և մշակվեն ծառայությունների հատուկ փաթեթներ բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերի համար։ Բնականաբար, մենք աշխատելու ենք նաև սոցիալական աշխատողների հետ՝ սովորեցնելով նրանց ոչ թե գնահատել խոցելիություն, այլ ռիսկեր, տեսնել ոչ միայն մարդկանց խնդիրները, այլև ռեսուրսները, որոնք այդ մարդիկ կարող են օգտագործել իրենց խնդիրը լուծելու համար։ Մենք պետք է սովորեցնենք շուրջ 200 սոցիալական աշխատողի ավելի լայն մտահորիզոնով աշխատել՝ կտրուկ նյութական կարիքներին զուգահեռ դիտարկելով սոցիալական հարաբերությունների բաղադրիչները։ Օրինակ՝ եթե գործ ունենք փախստականի հետ, սոցիալական աշխատողը ոչ թե պետք է դիտարկի նրա փախստական լինելու փաստը, այլ  նաև այն, թե ինչ գիտի այդ մարդը, ինչպիսի ռեսուրսներ ունի, որոնք կարող է ծառայեցնել ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի ու հանրության համար։ Այսինքն՝ շահառուների կյանքը փոխելու համար մենք նախ պետք է փոխենք մեր սոցիալական աշխատողների աշխատանքի ոճը։

- Ի՞նչ է ինքնաբավ կենսագործունեությունը, որը ծրագրի առանցքային գաղափարն է։

- Ծրագրի շրջանակում մենք Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում բնակվող 11․000 մարդու ցույց ենք տալու, թե ինչ հնարավորություններ ունի ինքը, որոնք, գուցե, ինքն էլ չի տեսնում։ Ինքնաբավություն ասելով՝ նկատի ունենք մարդու ներքին հավասարակշռությունը և ապագայի ծրագրեր մշակելու հմտությունները։ Այո՛, ռոմանտիկ մոտեցում է, բայց սոցիալական աշխատանքը մշակույթ է փոխում։ Սոցիալական աշխատողը գիտի, որ մարդը, որը գլորվել և հայտնվել է հատակում, ինչ-որ պատճառով է այնտեղ հայտնվել։ Բավական է, որ հատակում գտնվող մարդուն սանդուղքի կես աստիճան ցույց տաս և հուշես, թե ինչպես պետք է քայլ անի, նա կսկսի աշխատել։ Մարդիկ նպաստ ստացողից պետք է դառնան ստեղծող ու արարող, քանի որ ներկայիս մոտեցմամբ մենք պարզապես բացառում ենք մարդու՝ ինքնուրույն արժեք ստեղծելու հնարավորությունը և նրան ներառում ենք նպաստ ստացողների ցանկում՝ կարծես դրանով բացառելով նրա կենսապայմանների փոփոխության հնարավորությունը։

Մենք չենք հավակնում այս ծրագրով լուծել բոլոր խնդիրները, այլ ստեղծում ենք նախադեպ և փոխում աշխատանքային մշակույթը։ Ի վերջո 300 շահառու (40%՝ կանայք) կստանա փոքր դրամաշնորհ սեփական ձեռնարկատիրական գործունեությունը ծավալելու համար։ Սա եզակի հնարավորություն է մեզ համար, երբ կարող ենք սոցիալական աշխատողի միջոցով փոփոխություն բերել։ Սոցիալական աշխատանքը չի հավակնում բոլոր մարդկանց երջանիկ դարձնել, սակայն այն կարող է փոխել սոցիալական հարաբերությունների, հետևաբար նաև բոլորիս կյանքի որակը։  

Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF) ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից՝ որպես համապատասխան երկրներում առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ։ Նպատակն է ընդլայնել նրանց կարողությունները, ուժեղացնել լիազորություններն ու մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում։

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն (հիմնադրվել է 2004 թ) ավելի քան 1000 սոցիալական աշխատողների միավորող մասնագիտական կառույց է։ Ասոցիացիայի հիմնական նպատակներն են Հայաստանում սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի զարգացումը, սոցիալական աշխատողների և նրանց շահառուների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ՀՀ-ում սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին նպաստելը։

 


© 2009 ARMENPRESS.am