Ավարտվել է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

14:44, 5 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 29-ից ապրիլի 2-ը անցկացվել է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից:

Շաբաթվա նպատակն է երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը:

Շաբաթի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ գրողների հետ, գրական քննարկումներ, այս տարվա հոբելյարներին նվիրված ցերեկույթներ, վիկտորինաներ, երաժշտական ունկնդրումներ, հեքիաթապատումներ ու կինոդիտումներ: 

Շաբաթի բացումը տեղի է ունեցել ճեմասրահում ներկայացված «Աշխարհի լեզուներով գրքեր» ցուցահանդեսով։ Տարվա հոբելյարներ ֆրանսիացի առակագիր Ժան Լաֆոնտենի 400-ամյակին, հայ անվանի գրող Մկրտիչ Արմենի 115-ամյակին և հայ մեծանուն աշուղ Ջիվանիի 175-ամյակին նվիրված ցերեկույթներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են գրադարանի ակտիվ ընթերցողները: 

Ապրիլի 2-ին՝ Մանկական գրքի միջազգային օրը, գրադարանում տեղի է ունեցել հանդիպում հայ ժամանակակից մանկագիրներ Է. Միլիտոնյանի, Ա. Վարդանյանի, Ռ. Շառոյանի, Կ. Առաքելյանի, Զ. Ենոքյանի, Ս. Ղազարյանի ու Օ. Դարյանի հետ: Ցերեկույթն ուղեկցվել է գրադարանի ընթերցողների կողմից պատրաստված բեմականացմամբ ու գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ: Օ.Դարյանի հետ ևս մեկ հանդիպում տեղի է ունեցել գրադարանի Հեքիաթի սրահում, որտեղ ընթերցողները ներկայացրել են ժամանակակից մանկագրի ստեղծագործությունները, բեմադրել նրա՝ «Խաղողի երկիր» հեքիաթը:

Շաբաթի ընթացքում գրադարանի ընթերցասրահում անցկացվել են ինտերակտիվ խաղ-վիկտորինա հայ գրողների ստեղծագործությունների շուրջ, հայ ժամակակակից գրողների հեքիաթների շուրջ հեքիաթապատումների շարքը և հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված հայկական մուլտֆիլմերի դիտումներ:

«Ոչ նյութական ժառանգություն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել  ասեղնագործության վարպետաց դաս և «Կռունկ» երգի ունկնդրում: 

Գրադարանի ընթերցողները հնարավորություն են ունեցել էլեկտրոնային բաժնում ծանոթանալ տարվա գրական հոբելյարների կենսագրությանն ու գրական գործունեությանը:


© 2009 ARMENPRESS.am