Արցախի ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել Կարո Քեբաբջյանի մահվան կապակցությամբ

21:26, 31 Մարտ, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում, մասնավորապես, ասվում է. «Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացա Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի վաղաժամ մահվան մասին։

Կյանքից հեռացել է մի անհատականություն, ով 22 տարի շարունակ արժանապատվորեն ներկայացրել է Արցախը և ջանք ու եռանդ չի խնայել աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով ամրապնդելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը՝ ի նպաստ հայապահպանության և հայկական երկու հանրապետությունների հզորացման ու բարգավաճման։

Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։
Կարո Քեբաբջյանը մեր հիշողության մեջ կմնա որպես իմաստուն դիվանագետ, եռանդուն, նախաձեռնող ու վեհանձն անհատ, ով իր կյանքն անմնացորդ նվիրել է հայրենիքին ու հարազատ ժողովրդին։

Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից  խորապես ցավակցում եմ պարոն Քեբաբջյանի հարազատներին և մերձավորներին։ Թող Աստված լուսավորի նրա հոգին, իսկ ձեզ ուժ ու կորով պարգևի՝ կորստյան ցավը մեղմելու համար»։


© 2009 ARMENPRESS.am