Բալթյան երեք երկրների հայերը շնորհակալություն են հայտնում դեսպան Մկրտչյանին նրա աշխատանքի համար

19:17, 29 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների  կազմակերպություններ նամակ են հղել ՀՀ Նախագահի աշխատակազմին, ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ ԱԳ նախարարին՝ շնորհակալություն հայտնելով այդ երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի աշխատանքի համար։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնի կայքից։

«Բալթյան երեք երկրների ՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների երեք  փորձառու կազմակերպություններ կցանկանային ընդգծել իրենց խորին երախտագիտությունը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տ. Մկրտչյանի գործունեության վերաբերյալ: Բալթյան երկրներում ՀՀ դեսպանի դերում պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում Տ.Մկրտչյանը իրեն դրսևորեց որպես վերին աստիճանի բանիմաց և իր գործին անմնացորդ նվիրված մասնագետ: Զարմացնում և հիացնում էր դիվանագետի բազմավեկտոր աշխատանքը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության շահերը, նա հիանալի դրսևորեց իրեն զանազան բնագավառներում` դիվանագիտություն, քաղաքականություն, մշակույթ»,- ասվում է շնորհակալական նամակում: 

 Բալթյան երեք երկրների հայկական կազմակերպությունների նամակում նշվում է, որ Տիգրան Մկրտչյանի դիվանագիտական քայլերը միշտ հավասարակշռված և խորապես մտածված են եղել և հասել են իրենց նպատակին: Գործընկերներն ու համայնքի ներկայացուցիչները հաշվի էին նստում նրա կարծիքի հետ, ոչ բարյացակամ տրամադրված տարրերը վախենում էին նրա գործունեությունից:

«Տ.Մկրտչյանի կազմակերպած, հայ արվեստն ու մշակույթը փառաբանող լայնամասշտաբ միջոցառումները, որոնք միշտ կապված էին մեր հայրենիքի այս կամ այն կարևոր իրադարձության հետ, լայն արձագանք էին գտնում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում և ջերմ ընդունելության էին արժանանում ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից: Որոշ մշակութային միջոցառումներ տեղայինից ստացան համաշխարհային նշանակություն (Կոմիտասի Պատարագի ձայնագրությունը Լատվիայում կամ Նարեկացու թարգմանությունները)»,- նշել են նամակի հեղինակները՝ անհրաժեշտ համարելով շեշտել դեսպան Մկրտչյանի կարևոր ձեռքբերումը Բալթյան երեք երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների միջև կապերի հաստատման և ամրապնդման գործում:

«Դիվանագետ Տիգրան Մկրտչյանի ներուժը մեծ է և մենք մեր վստահությունն ենք հայտնում պարոն Մկրտչյանի անգնահատելի ներդրմանը մեր Հայրենիքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու գործում `անկախ նրա հետագա ծառայության վայրից: Բալթյան երկրների հայերը շնորհակալություն են հայտնում պր-ն Տ․ Մկրտչյանին նրա աշխատանքի համար և հաջողություն մաղթում`ի շահ մեր հայրենիքի` Հայաստանի: Հպարտ և շնորհակալ ենք Հայաստանին նման դիվանագետի համար»,- ասվում է շնորհակալական նամակում, որն ստորագրել են Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնի նախագահ, Լատվիայի ազգային մշակութային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Րաֆֆի Խարաջանյանը, Լիտվայի Հայերի միության նախագահ Արայիկ Թունյանը և Էստոնիայի Հայկական ազգային միության նախագահ Ռազմիկ Իվանյանը։

           

 

 


© 2009 ARMENPRESS.am