Դատախազությունը դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկել է Քրեական ոստիկանություն

13:57, 29 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ դիմումն ուղարկվել է Քրեական ոստիկանություն:

Ավելի վաղ, ԲԴԽ-ն դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկել է դատախազություն: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ  դատավոր Մհեր Պետրոսյանը նամակ է գրել, որ ինքը անհանգստացած է, որ կարող է իր նկատմամբ ճնշում գործադրվի ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործի հետ կապված:

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:


© 2009 ARMENPRESS.am