Ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանություն

17:49, 26 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվության վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության պարզաբանումը. 

«Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։
Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել»,- ասված է պարզաբանման մեջ։

Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը։
Կառավարության որոշմամբ հաստատվել են պարեկային ծառայողների նվազագույն հաշվարկային աշխատավարձերի չափերը։ Հավատարիմ մնալով դեռևս 2020 թ-ին Ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ այս որոշմամբ սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձը։
Վարձատրության այս մոտեցումը միտված է ապահովելու նոր ստեղծվող ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը և նոր ծառայության գրավչության բարձրացումը։
Քաղաքացուն օգնող, հասարակական կարգի պահպանությունն ապահովող և հանցավորությունը կանխարգելող պարեկային ստորաբաժանումների ծառայությունը նպաստելու է հանրության շրջանում օրինականության հաստատման ու պաշտպանվածության զգացողության աճին և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

© 2009 ARMENPRESS.am