ԲՀԿ-ի համար առաջիկա ընտրություններում առաջնային է ոչ թե ընտրակարգը, այլ դրա արդար անցկացումը

12:02, 26 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին այն ընտրակարգով, որը կքվեարկի և կընդունի խորհրդարանը, ԲՀԿ-ի համար առաջնային է, որ ընտրություններն անցկացվեն արդար, առանց վարչական ռեսուրսի կիրառման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով: ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը:

«Ինչ վերաբերում է ընտրակարգի ընտրությանը, ապա այստեղ խաղը իշխանության դաշտում է, իրենք են սահմանել խաղի այդ կանոնը: «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին: Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, մեզ համար շատ ավելի կարևոր է, որ ընտրությունների ժամանակ վարչական որևէ ռեսուրս չկիրառվի»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ իրենք ահազանգեր ստանում են:

Նա նկատեց, որ իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և, բնականաբար, ինքը կարող է իր ձայների մեծամասնությամբ որոշել ընտրակարգը: «Մեզ համար այս պահին առաջնահերթ խնդիրն է, որ այս իրավիճակը, ներքաղաքական այս լարվածությունը հանգուցալուծվի, հանգուցալուծման թերևս միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններ են»,- նշեց պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև կձևավորվի կոնսենսուս, որպեզի վերահսկեն, որ որևէ իշխանավոր չկիրառի վարչական ռեսուրս:

Հարցին, թե ԲՀԿ-ի և իշխանության միջև ընտրակարգի վերաբերյալ պայմանավորվածություն եղե՞լ է, թե ոչ՝ Զոհրաբյանը կրկնելով պատասխանեց. «Մեզ համար կարևոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ և արդար, և իշխանությունը վարչական ռեսուրս չկիրառի: Որ ընտրակարգով որ խորհրդարանական մեծամասնությունը կքվեարկի և կընդունի, մենք այդ ընտրակարգով ընտրություններին կմասնակցենք»,- ասաց նա ու վստահեցրեց, որ ԲՀԿ-ն ունի այնքան վստահութայն քվե, որ երկու ընտրակարգի դեպքում էլ կարող է իր վստահությունն իրացնել ու  ստանալ համակիրների քվեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ընդդիմության ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում արձանագրվել է` խորհրդարանական խմբակցությունները արտահերթ ընտրություններից առաջ ընտրակարգի փոփոխության հետ կապված հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության, իշխանության հայեցողությանը: ԼՀԿ-ն, սակայն, դեմ է արտահայտվում փակ ցուցակներով համամամասնական ընտրակարգի անցնելուն:

 

 


© 2009 ARMENPRESS.am