ՀԺՇ անդամները Հունաստանի ազատագրական պայքարի 200-ամյակի առթիվ հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում

18:02, 25 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ժողովրդական շարժում» (ՀԺՇ) հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամներն ու մի խումբ համախոհներ՝ ի նշանավորումն Օսմանյան Թուրքիայի դեմ հույների ազգային ազատագրական պայքարի 200-ամյակի, մարտի 25-ին այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, եղել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԺՇ-ն:

«Հույների ազգային ազատագրական զինյալ պայքարն ընդդեմ Օսմանյան կայսրության սկսվեց 1821 թվականին եւ ավարտվեց տարիներ անց՝ Հունաստանի անկախ թագավորության հռչակմամբ։ Հույները անկախ պետականության հասան շնորհիվ իրենց միասնականության»,- այցի ընթացքում ասել է միջոցառումը նախաձեռնած ՀԺՇ հայրենասիրական հ/կ հայաստանյան գրասենյակի համակարգող Վազգեն Պետրոսյանը՝ նկատելով, որ հայերը ևս միաբան լինելով՝ զորու կլինեն վերականգնել պատմական արդարությունը եւ տերը դառնալ կորցրած հայրենիքի:  

Միջոցառմանը ներկա գրականագետ, գրող Կարո Վարդանյանն ու գրականագետ Աբգար Ափինյանն իրենց խոսքում անդրադարձել են հայ եւ հույն ժողովուրդների պատմական անցյալի նմանությանը եւ ընդգծել միասնականության կարեւորությունը Հունաստանի անկախացման ու հայության եւ հայկական պետականության զորացման հարցում:


© 2009 ARMENPRESS.am