ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին

13:32, 24 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում առկա 102 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 4-ը:

Արմեն Հայկյանցը ստացել է 11 «կողմ» ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 87:

Սա ընտրության երկրորդ փուլն էր: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:  Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն:


© 2009 ARMENPRESS.am