ԼՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, սակայն ցանկացած դեպքում կմասնակցի ընտրություններին

13:22, 23 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստանը» կտրականապես դեմ է ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելուն, սակայն ցանկացած դեպքում կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Հիմա ընտրական օրենսգիրքը փոխելն անընդունելի է, քանի որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսի 20-ին անցկացվելու են ընտրություններ, դրանից հետո որևէ խաղի կանոն փոխելը նշանակում է պայմանավորվածությունը խախտել»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ իրենց խմբակցությունում կան մարդիկ, որոնք շատ կտրական են այդ հարցում:

Գորգիսյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի առնչությամբ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով են գնում առաջ, քանի որ այլ բան չի կարող լինել այս կարճ ժամանակահատվածում: «Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է լրջագույն խնդիրներով»,-ասաց Գորգիսյանը:

Ըստ պատգամավորի՝ Ընտրական օրենսգրքի փաթեթում համակարգն արված է այնպես, որ դրանից շահի միայն «Իմ քայլը»: ԼՀԿ-ն դեմ է ցուցակները փակելուն: «Քաղաքացին գնալու է՝ ընտրելու Նիկոլ Փաշինյանին, քանի որ ամբողջ քարոզարշավը տարվելու է նախագահական տրամաբանության մեջ»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ ԼՀԿ-ն առաջարկում է բաց համամասնական ցուցակի տարբերակը: 

Այսպիսով, եթե չփոխվեն այն կարևորագույն դրույթները, որոնց մասին խոսեց պատգամավորը, կոնսենսուս չի կարող լինել: «Եթե ռեյտինգայինը համեմատում ենք փակ համամասնականի հետ, ռեյտինգայինն ավելի լավն է, որովհետև առնվազն մարզային ներկայություն ապահովելու է խորհրդարանում»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին՝ եթե այնուամենայնիվ նոր օրենսգիրք լինի, ի՞նչ կանեն՝ Գորգիսյանն ասաց , որ ընտրությունները տեսնում են որպես ստեղծված քաղաքական և դրանից բխող մնացած ճգնաժամերից դուրս գալու տարբերակ:«Մենք ցանկացած դեպքում մասնակցելու ենք ընտրություններին և հաղթելու ենք: Եթե «Իմ քայլը» գնում է Ընտրական օրենսգրքի փոփոխության, նշանակում է, որ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը»,-նշեց նա:

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն:


© 2009 ARMENPRESS.am