Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում բարձրացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից էթնիկ զտումների հարցը

16:59, 22 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից: Այս ամենը հիմնավորվում է օբյեկտիվ ապացույցներով:

Տեսաուղարձում շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների: Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:
Նշվում է, որ նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

© 2009 ARMENPRESS.am