Ըմբիշ Սլավիկ Գալստյանը չնվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

21:41, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը չնվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Գալստյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և հաջորդաբար հաղթեց Բելառուսի, Ֆրանսիայի, Ադրբեջանի ներկայացուցիչներին: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Վրաստանից Ռամազ Զոիձեի հետ, սակայն պարտվեց 10:1 հաշվով:

Մինչ այս Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: Այս մրցաշարում քվոտա ձեռք բերեցին նաև ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:


© 2009 ARMENPRESS.am