Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը

15:04, 11 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա հիշեցրեց, որ նախարարի հրամանով հաստատված են այն ռիսկի խմբերը, որոնք առաջնահերթ պատվաստվելու են: «Արդեն մեկնարկել է բուժաշխատողների շրջանում պատվաստման գործընթացը, քանի որ բուժաշխատողները համարվում են առաջնագծում աշխատող անձինք: Մնացած ռիսկի խմբերը ևս կենթարկվեն պատվաստման՝ կամավոր սկզբունքով»,-ասաց նա:

Աշխատանքներ են տարվում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության որոշակի տոկոսի համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար:

Աբովյանը վստահեցրեց, որ պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի այլ ազդեցություններ չի ունեցել: Պատվաստումներն իրականացվել են շատ հանգիստ, առանց որևէ խնդրի: Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:

Հայաստանում պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկի խմբում ներառված քաղաքացիները։ Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով: Հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները:


© 2009 ARMENPRESS.am