Բաղրամյանն ու Դեմիրճյանը փակ են. «Հայրենիքի փրկության շարժման աջակիցները գիշերել են ԱԺ մուտքերի մոտ

10:50, 10 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում»-ը մտադիր է նոր թափով շարունակել ներքաղաքական պայքարը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շարժման էջը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի շենքի մուտքերը փակ են:  Նաև փակ են Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։

Ընդդիմադիր շարժման աջակիցները գիշերել են Ազգային ժողովի շենքի հարևանությամբ: Մարտի 9-ի երեկոյան շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում: Նպատակն այն է, որ թույլ չտան պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ ավելացնելով, թե «նրանք անելիք չունեն»:

Շարժման աջակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք մարտի 9-ին ԱԺ մուտքերն արգելափակելու որոշում կայացրին պայմանավորված նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավական ընթացակարգերի ժամկետները լրանալու հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել էր չստորագրել վարչապետի ներկայացրած հրամանագրի նախագիծը, միաժամանակ նախագահը մարտի 9-ին դեռ հնարավորություն ուներ Սահմանադրական դատարանում վիճարկելու հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը, սակայն Սարգսյանը նաև ՍԴ չդիմեց: Ըստ այդմ, մարտի 10-ի առավոտյան ՀՀ վարչապետը հայտարարեց իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանին ազատելն ուժի մեջ մտնելու մասին:


© 2009 ARMENPRESS.am