ԳՇ-ն հերքում է տեղեկությունը, թե Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը փողոց հանել, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել

18:06, 9 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել»: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը, որը Սամվել Ասատրյանը հրապարակել է «Ֆեսյբուք»-ի իր էջում:

«Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլացիա։

Խստորեն դատապարտում ենք նման գործելաոճը, լրատվամիջոցներին հորդորում ենք «մեզ հասած տեղեկություններով» ոճի՝ բարձր լրագրությանը ոչ հարիր աշխատելաոճ չդրսևորել, մեր քաղաքացիներին էլ խորհուրդ ենք տալիս չհետևել նմանաբնույթ սադրանքներին։

Նաև հայտնում ենք, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրելու «Ժամանակ» թերթում հրապարակված «Հրամանին չեն ենթարկվել․ ի՞նչ է ցանկացել անել Օնիկ Գասպարյանը» հոդվածում առկա առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող նյութերը և, հիմքերի հաստատման դեպքում, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու, որի արդյունքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am