Փակ են դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները

16:24, 8 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում շարունակում են փակ մնալ որոշ ավտոճանապարհներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

«Չայնիի» ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


© 2009 ARMENPRESS.am