ՊՆ-ի շենքի մոտ բանակի վետերանները, նախկին ծառայողները բողոքի ակցիա են անցկացնում՝ աջակցելով ԳՇ պետին

13:39, 6 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիային մասնակցում են բանակի վետերաններ, նախկին ծառայողներ, քաղաքացիներ: Մասնակիցները դեմ են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու գործընթացին ու դրա հետ կապված հիմնավորումներին:

Նրանք պնդում են, որ պետք է բոլորը ջանքերն ուղղեն Հայոց բանակի ուժեղացմանը, որը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Մասնակիցներն ընդգծում են, որ Հայաստանում, թե Հայաստանից  դուրս յուրաքանչյուր հայ պետք է մտածի հայկական բանակի հզորացման, ամրացման գործում ներդրում ունենալու հարցի շուրջ:

Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են հանդես գալ ելույթներով, այնուհետև երթով միանալ կեսօրին Երևանի Բաղրամյան պողոտայում նախատեսված «Հայրենիքի փրկության» շարժման հանրահավաքին:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը:  Այնուհետև փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվանից ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են Բաղրամյան պողոտայում՝ այնտեղ տեղակայելով վրաններ:

Այդ ընթացքում ՀՀ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:  Վարչապետը նշել էր էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին: Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:


© 2009 ARMENPRESS.am