Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն անդրադարձավ իրեն չընտրելու վերաբերյալ «Իմ քայլի» որոշմանը

14:28, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության այն որոշմանը, որ խմբակցությունը չի ընտրելու ներկայացված թեկնածուներից որևէ մեկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ ցավում է, որ հաշվի է առնվում ոչ թե օբյեկտիվ չափանիշները, այլ քաղաքական որոշումը:

«Ցավում եմ, որ ընտրությունն օբյեկտիվ չափանիշների հիման վրա չի կատարվում, այլ կատարվում է քաղաքական որոշման արդյունքում, բայց պետք է հասկանանք, որ սա քաղաքական մարմին է, և կարող է լինել ցանկացած որոշում: Հասկանում եմ, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեն հետևանքներ: Հասկանում եմ պատգամավորներին, որ իրենք պետք է ինչ-որ ձևով արտահայտեն դա, բայց չէի ակնկալում, որ այդ արտահայտումը պետք է լինի իրենց քվեարկության ձևով»,- ասաց Մկրտչյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այդպիսով իրենց բողոքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել ԳրիգորյանիԱրմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել:


© 2009 ARMENPRESS.am