ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

21:20, 2 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ անցանելի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն։

ՀՀ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակվել է մոտ 500  բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


© 2009 ARMENPRESS.am