Ներքին Գետաշենի դպրոցականները մրցանակներ են շահել միջազգային նկարչական մրցույթում

15:15, 2 Մարտ, 2021

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նկարչական խմբակի սաները մրցանակներ են շահել Բելառուսում անցկացված նկարիչների միջազգային մրցույթում։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, Մինսկ քաղաքում անցկացվել է «Մոլորակի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային մրցույթը, որը կազմակերպել է Բելառուսի Հանրապետության կրթության նախարարությունը ու «Երեխաների եւ երիտասարդների գեղարվեստական ստեղծագործությունների ազգային կենտրոնը»:
Նկարչական մրցույթին մասնակցել են ավելի քան 4500 երեխաներ՝ աշխարհի 27 երկրներից: Մասնագիտացված ժյուրիի կողմից 85 աշխատանքներ հաղթող են ճանաչվել «Գեղանկարչություն», «Գրաֆիկա» եւ «Խառը տեխնիկա» անվանակարգերում: Հաղթողները եւ մրցանակակիրները պարգեւատրվել են Բելառուսի կրթության նախարարության դիպլոմներով եւ բուկլետներով, իսկ 500 աշխատանքների հեղինակներ՝ «Երեխաների եւ երիտասարդների գեղարվեստական ստեղծագործությունների ազգային կենտրոնի» դիպլոմներով:
Այս մրցույթին մասնակցություն են ցուցաբերել եւ մրցանակների արժանացել Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի նկարչական բաժնի սաներ Ժասմենա Վահանյանը, Մերի Մկրտչյանը, Անյա Բուռնությանը, Արտյոմ Բուռնությանը, Սեւակ Ավեյանը, Կամելիա Խաչատրյանը, Նվեր Փինաչյանը, Լիզա Սարիբեկյանը, Լաուրա Թաթոյանը, Բաբիկ Պողոսյանը, Էմմի Խաչատրյանը, Նարեկ Կիրակոսյանը, Ալլա Բաղդասարյանը, Շուշան Գորանցյանը, Թամարա Հովնիկյանը, Անահիտ Սիմոնյանը: Գեղարքունիքի մարզպետի անունից մրցանակակիրներին եւ նրանց ուսուցչուհի Նեկտար Սահակյանին շնորհավորել եւ դիպլոմները է հանձնել մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը: «Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցում 40 տարի է, ինչ գործում է նկարչական խմբակ, որը ղեկավարում է հանրաճանաչ գեղանկարչուհի եւ վաստակաշատ մանկավարժ Նեկտար Սահակյանը: Նկարչական խմբակի սաները միշտ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հանրապետական եւ միջազգային նկարչական մրցույթներին եւ փառատոներին ու դարձել մրցանակակիրներ»,- նշեց ԿՄՍ վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am