Վարչապետն այցելել է նախագահի տուն՝ տեսակցելու վատառողջ Արմեն Սարգսյանին

16:21, 1 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:

«Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ: 


© 2009 ARMENPRESS.am