ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված

16:00, 27 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

«Դեռ որոշում չկա»,- ասաց Պետրոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Հայտնի է, որ նախագահն ստացել է առաջարկությունը, սակայն դեռևս չի ստորագրել: ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է, որ իր լիազորություններն իրականացնելիս հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր ու կարգադրություններ, և կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»։ Նույն հոդվածի երրորդ կետը սահմանում է, որ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:


© 2009 ARMENPRESS.am