Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր

13:26, 26 Փետրվար, 2021
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 25-ին  հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դրա շուրջ ընթացող գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին։

Նախարարները քննարկել են մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական կողմում պահվող բոլոր ռազմագերիների և պատանդների՝ հնարավորինս արագ հայրենադարձման անհրաժեշտությունը՝ այս առումով անթույլատրելի համարելով գործընթացը  խոչընդոտող ցանկացած քայլեր։

© 2009 ARMENPRESS.am