Սլովակիան կիսում է անվտանգության ոլորտում իր փորձը. CPS-ը կազմակերպեց սեմինար

14:49, 22 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքականության հետազոտական կենտրոնը (CPS) Միջազգային Վիշեգրադյան հիմնադրամի (VisegradFund) օժանդակությամբ անցկացվող «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում փետրվարի 22-ին կազմակերպվեց հերթական սեմինարը քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխման թեմայով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր բացման խոսքում Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ընդգծեց, որ Սլովակիան շատ բան ունի Հայաստանի հետ կիսելու, հատկապես քաղաքացիական անվտանգության ոլորտում:

«Յուրաքանչյուր պետություն պարտավոր է ապահովել անվտանգութուն իր և իր քաղաքացիների համար, և ամեն երկիր տարբերվում է նրանով, թե որ գործակալություններն են կազմում անվտանգության ոլորտը»,- ընդգծեց դեսպանը՝ խոսելով քաղաքացիական անվտանգության ոլորտի գործընթացների մասին:

Ըստ նրա՝ Սլովակիան այն պետությունն է, որը կարող է Հայաստանի հետ կիսելիր փորձը: Դեսպանությունը միշտ իր աջակցությունը կցուցաբերի:

Անվտանգության ոլորտի փորձագետ Վլադիմիր Տարասովիչը սեմինարի ընթացքում ներկայացրեց քաղաքացիական անվտանգության ոլորտում Սլովակիայի  խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:

Ծրագրի շրջանակում նաև կազմակերպվում են սեմինարներ հետևյալ թեմաներով. առողջապահության ոլորտի բարեփոխում, ՏՏ ոլորտի, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության զարգացում: Թեմաներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմակերպվում են սեմինարներ Վիշեգրադյան քառյակի երկրները ներկայացնող փորձագետների հետ, այնուհետև կկազմակերպվեն ամփոփիչ քննարկումներ հայ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am