Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում բացվել է հանրային QR գրադարան

21:30, 17 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, փետրվարի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել հանրային QR գրադարանի բացումը, որից կարող են օգտվել ոչ միայն մասնաճյուղի ուսանողները, այլ նաեւ տնտեսագիտությամբ ու հարակից ոլորտներով հետաքրքրված անձինք առանց որեւէ սահմանափակման։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից, ի տարբերություն ավանդական գրադարանների, այստեղ հարկավոր չէ գրանցվել, անձնագիր ներկայացնել, բավական է միայն մուտք գործել սրահ, ընտրել գիրքն ու սկանավորել պատին փակցված համապատասխան QR կոդը: Սրահում կա բաց ինտերնետ հասանելիություն, պլանշետներ ու ստեղծված է հարմարավետ միջավայր ընթերցանության համար: Գրադարանն իր տեսակի մեջ եզակի է, որտեղ հին գրքերին փոխարինելու են գալիս QR կոդերն ու նորագույն տեխնոլոգիականները՝ ապահովելով արդիական գրականություն։ Նախաձեռնության նպատակն է նաեւ նորագույն տեխնոլոգիաների միջոցով երիտասարդներին հաղորդ դարձնել արդի գրականությանն ու ստեղծել միջավայր, որը կնպաստի ընթերցանությանը։ «Գրադարանի ստեղծումն ինչ-որ չափով կակտիվացնի նաև տեղի բնակիչների կյանքը՝ ապահովելով նրանց հաճելի ժամանցն ու ինքնակրթությունը, քանի որ թաղամասը ծայրամասային է, կենտրոնական ու մարզային գրադարանները գտնվում են քաղաքի կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացման միջոցառման ընթացքում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը նշել է, որ այժմ գրադարանում կա 8 բաժին, յուրաքանչյուրում մոտ 100 մասնագիտական գիրք, սակայն նախատեսվում է անընդհատ ավելացնել գրականության քանակն ու ուղղվածությունը՝ ներառելով նաև գեղարվեստական արդի գրականություն:

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջունել է մասնաճյուղի նախաձեռնողականությունն ու հույս հայտնել, որ ուսանողները կսկսեն ավելի շատ կարդալ, իսկ ստացված գիտելիքները կուղղեն մարզի ու հանրապետության տնտեսության զարգացմանը:

Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 

Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: 

 


© 2009 ARMENPRESS.am