Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը

17:09, 15 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«Խնդրահարույց համարելով հատկապես վերջին շրջանում ձերբակալման որոշումների դեմ բերվող բողոքների քննության արդյունքում դատարանների կողմից դրանց բավարարման դեպքերի բարձր մակարդակը՝ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը, իսկ դատարանի կողմից նման բողոքների բավարարման յուրաքանչյուր դեպք դարձնել մանրամասն ուսումնասիրության առարկա: Եվ այն դեպքերում, երբ դատարանի տվյալ որոշումը կլինի հիմնավոր, ըստ Արթուր Դավթյանի, պետք է ընդհուպ դնել իրավունքի խախտում թույլ տվող պաշտոնատար անձանց համար պատասխանատվության հարցը, իսկ դատարանի կողմից ակնհայտ անհիմն, ապօրինի որոշումներ կայացնելու դեպքում ոչ միայն դրանք պարտադիր բողոքարել վերադասության կարգով, այլ նաև քննարկել նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու անհրաժեշտությունը»,- գրել է Աբրահամյանը:


© 2009 ARMENPRESS.am