Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորընտիր գլխավոր դատախազին

12:16, 12 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 12-ին այցելել է գլխավոր դատախազություն և կառույցի աշխատակազմին ներկայացրել նորընտիր ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Գառնիկի Ներսիսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հետպատերազմյան իրավիճակը թեև շատ սրբագրումներ է արել պետական բազմաթիվ ծրագրերում, սակայն օրինական պետություն կառուցելու ճանապարհին հանցավորության դեմ պայքարի և պետական շահերի պաշտպանության գործառույթները շարունակում են առանցքային մնալ:

Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին և հույս հայտնել, որ դատախազության համակարգում ձեռքբերած նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն կառույցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:

 


© 2009 ARMENPRESS.am