Արցախում առաջիկա օրերին կմեկնարկեն նոր բնակավայրի կառուցման աշխատանքներ

18:15, 11 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում, շաբաթ օրը՝  փետրվարի 13-ին,  կմեկնարկեն  ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող՝ Ասկերանի շրջանի Սղնախ,  Մոշխումհատ,  Ջրաղացներ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված  բնակիչների համար նախատեսված նոր բնակավայրի կառուցման աշխատանքները:Այս մասին Ազգային ժողովի նիստում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: 

«Ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ  համայնքների բնակիչներ՝ նոր բնակավայրերում համատեղ ապրելու ցանկություն են հայտնել:  Կառուցվելիք նոր բնակավայրերի անվան  ընտրությունը նրանց նախապատվությամբ է լինելու: Այն համայնքները, որոնք ավելի կազմակերպված են համատեղ բնակեցվելու նախաձեռնություն են ցուցաբերում:    Մի շարք գյուղախմբեր՝ և Հադրութի, և  Ասկերանի շրջաններից, որոշել են՝   համատեղ  վերաբնակվել:Բնակարանաշինական ծրագրերի իրագործումը՝ նրանց համար նախատեսվում է համատեղությամբ: Այդպիսի ցանկություն են հայտնել մասնավորապես՝ Հադրութի շրջանի  Մոխրենես, Հակակու, Թաղուտ գյուղերից տեղահանված բնակիչները: Նման  համայնքները՝  որպես իրավական կազմակերպման ձև, պահպանվելու են»,-նշեց Խանումյանը: 


© 2009 ARMENPRESS.am