Սոցաջակցություն ստացող սահմանամերձ համայնքների թիվը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի բնակավայրերով

16:18, 11 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գրավոր ընթացակարգով պատրաստվում է սահմանամերձ համայնքների վերաբերյալ որոշում ընդունել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը փետրվարի 11-ի կառավարության նիստում նշեց, որ այն վերաբերում է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ցանկում լրացումներին:

Ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 բնակավայրով: «Ընդհանուր առմամբ, սահմանամերձ բնակավայրերի թիվը կկազմի 77: Տվյալ համայնքների համար սահմանված են հետևյալ աջակցությունները՝ անշարժ գույքի հարկի ամբողջական, կոմունալ վճարների 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ կառավարության ընդհանուր ռազմավարությունը պետք է լինի Հայաստանի շուրջ անվտանգային այնպիսի միջավայրի ձևավորումը, որպեսզի սահմանամերձ համայնք լինելը զարգացման խոչընդոտ չնշանակի:


© 2009 ARMENPRESS.am