Արցախի նախագահն ընդունել է անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

14:44, 11 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն  Փետրվարի 11-ին ընդունել  է  անհայտ կորածների մի խումբ հարազատների։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  

Նախագահը  ներկայացրել  է որոնողական աշխատանքները,  արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները  դրանց վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ  տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։ Գործընթացի մի մասը, բնականաբար, հրապարակային չէ, բայց  նախագահի հավաստմամբ՝ արվում և արվելու է ամեն ինչ պարզելու համար  անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը և վերադարձնելու համար գերիներին:

«Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները  շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am