Շնորհակալագրեր և զինվորական կոչումներ՝ մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար

17:54, 9 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանում մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները, դասախոսները, ինտերները պարգևատրվել են  շնորհակալագրով, ինչպես նաև 8 կուրսանտի շնորհվեց զինվորական կոչումներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԵՊԲՀ-ից:

«Նրանք, ովքեր իրանց պարտքը կատարեցին և ողջ մնացին նույնպես հերոսներ են: Ուրախալի է, որ այսօր կարող ենք շնորհակալություն հայտնել նաև ողջ հերոսներին»,-ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ հաղթահարելով դժվարին փորձությունները՝ սպիտակ բանակը վերահաստատեց պատրաստակամությունը լինել ժողովրդի կողքին և կատարեց իր առջև դրված ինչպես բժշկական, այնպես էլ ռազմական խնդիրները: «Հավերժ փառք մեր անմահ հերոսներին, որոնք միշտ մեզ հետ կլինեն՝ բուհի մի մասը: Նրանք հավերժացան՝ պատիվ բերելով համալսարանին»,-շեշտել է ռեկտորը՝ առանձնահատուկ ողջունելով այն տղաներին, որոնք ռազմաճակատում կոփվեցին և ապացուցեցին իրենց վեհ առաքելությունը: «Հայրենասիրություն բառը խորապես զգալով՝ տեսնելով ընկած ընկերներին, նրանց ընտանքիներին և մայրերի աչքերը, պետք է արժանի լինեք ռազմական բժիշկ լինելու բարձր կոչմանը: Կեցցե մեր հայրենիքը, պետությունը, բանակը և սպիտակ բանակը»,-ասել է բուհի ղեկավարը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանն ընդգծել է, որ բժշկական համայնքն իր մասնակացությամբ նպաստեց վիրավորների ապաքինմանը: «Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ համախմբվելով վիրավորների շուրջ, կարող ենք նպաստել նրանց արագ ապաքինմանն ու շարք վերադարձին»,-ասել է ֆակուլտետի պետը՝ հիշեցնելով, որ զինվորական բժիշկը հաղթում է, երբ ապաքինված զինվորը վերադառնում է շարք:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը բարձր գնահատելով ԵՊԲՀ-ի հետ համագործակցությունը՝ փաստել է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ ռազմական համալսարանում վիրավորների բուժումը կազմակերպելու ընթացքում ականատես է եղել ՌԲՖ կուրսանտների կողմից կազմակերպված, հայ բժշկին վայել կեցվածքի: «Ռազմական համալսարանի բժշկական ծառայության անձնակազմի հետ դուք կարողացաք ձեր ծառայողական և բժշկի պարտականություններն իրականացնել լիարժեք»,-ասել է ռազմական համալսարանի պետը՝ առաջարկելով շարունակել համագործակցությունը՝ հօգուտ պետություն:


© 2009 ARMENPRESS.am