Պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի ժողովրդի հույզերը շահարկելուց. ԱՀ նախագահ Հարությունյան

17:32, 7 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ անդրադարձել է Արցախի շուրջ վերջերս ակտիվացած ապատեղեկատվական հոսքերին՝ պաշտոնապես պահանջելով բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից: Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ:

Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց:

Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ: Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն:

Ողջամտություն ու սրտացավություն բոլորիս»:

 

РУС⬇️ Սիրելի՛ հայրենակիցներ Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք,...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Воскресенье, 7 февраля 2021 г.

© 2009 ARMENPRESS.am