ՌԴ մուտքի համար գործարկված «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրում ներառվել են նոր լաբորատորիաներ

18:06, 1 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիների՝ ՌԴ մուտքի համար գործարկված «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրում ներառվել են կորոնավիրուսի թեստավորման նոր լաբորատորիաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 17:00-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 7 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիաներն ու «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ», «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց ախտորոշման լաբորատորիաները։ Աշխատանքներ են իրականացվում լաբորատորիաների ցանկն արագ ընդլայնելու ուղղությամբ: Հարթակում ընդգրկվելու համար ևս 3 լաբորատորիա անցել է գնահատման փուլը` «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու և «ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» 2020թ. դեկտեմբերի 28-ի կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն:

Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը կթարմացվի, և տեղեկատվությունը հասանելի կլինի «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից և առողջապահության նախարարության կայքից:

«Ինչ վերաբերում է առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում առաջացած խնդրին, ապա տեղեկացնում ենք, որ մի խումբ քաղաքացիներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ են հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք այդ պահի դրությամբ ընդգրկված չեն եղել հավելվածում, ուստի թեստի պատասխանները վավեր չեն համարվել: Մինչդեռ, դեռևս հունվարի 27-ին առողջապահության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որտեղ նշված են վճարովի ծառայություն մատուցող լաբորատորիաների անունները և ծրագրից օգտվելու կարգը:

Հաշվի առնելով, որ ծրագիրը նոր է, կրկին հիշեցնում ենք մեր համաքաղաքացիներին.

Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը:


© 2009 ARMENPRESS.am