«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հաղթական ճակատամարտով է սկսվում հայերիս պատմությունը

09:20, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ զինվորականը մշտապես փայլել է իր մարտական բարձր ոգով, կարողություններով ու անձնվիրությամբ։ Հայկական բանակը բազմիցս հերոսական դրվագներով հագեցած հաղթանակներ է տոնել։ Հաղթական ճակատամարտով է սկսվում նաեւ հայերիս պատմությունը, երբ Հայկ Նահապետը, ոչնչացնելով Բելին, սկիզբ է դնում հայկական քաղաքակրթությանը։

Այսօր նշում ենք Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնը՝ հայկական կանոնավոր բանակի կազմավորման 29-րդ ամյակը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ բանակն այնպիսի համակարգ է, որը մշտապես ներդրումներ է պահանջում․ թեեւ դրանք ֆինանսական օգուտ չեն ենթադրում, սակայն հենց բանակի կենսունակությամբ է որոշվում պետությունների հետագա ճակատագիրը, իսկ հայկական բանակի պարագայում՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հետագա ճակատագիրն ու անվտանգությունը։

Այսօր տեղի են ունենում «առանց հպում» պատերազմներ։ Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ մենք պատրաստ չէինք դիմակայելու նման բնույթի պատերազմների մարտահրավերներին։ Հովհաննիսյանի խոսքով, դրա պատճառներից մեկն այն էր, որ չունեինք ազգային բանակի տեսլական, իսկ մյուս կողմից՝ մեր հույսը, ինչպես միշտ, դրել էինք զինվորի եւ սպայի բարձր ոգու վրա։

Սպառազինություններից բացի, ավելի մեծ ուշադրություն է անհրաժեշտ հատկացնել ռազմագիտական վերլուծական մտքին։ Վերլուծական աշխատանքների շնորհիվ կարելի է կանխատեսել սպասվող իրադարձություններն ու զարգացումները, սպասվող պատերազմն ու դրա բնույթը, եւ համապատասխան քայլեր ձեռնարկել։ Պաշտպանության նախարարության կառուցվածքում կարեւորագույն դեր պետք է հատկացվի վերլուծական մտքին»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am