Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ

11:35, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Մարուքյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այսօր վերընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE) քաղաքական խմբի կողմից»,- գրել է Մարուքյանը:

Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ:


© 2009 ARMENPRESS.am