Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

19:46, 23 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Կախեթի շրջանում հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։

Անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն:

Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվեց, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am