Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից

13:54, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը:

 Այսպիսով, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վարույթից և կշարունակեն պաշտպանել մեղադրանքը:

Իրենց միջնորդություններում պաշտպանները փաստարկներ են ներկայացրել գլխավոր դատախազի և մյուս դատախազների անկողմնակալ չլինելու վերաբերյալ։

Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին, ժամը 13:00-ին։


© 2009 ARMENPRESS.am