Պատգամավորներն առաջարկում են լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը

11:41, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերի վրա կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկաների»:

Օրինագծով առաջարկվում է այդ «շուկաները» տեղափոխել այլ վայրեր, որոնք նախատեսված կլինեն համայնքի կամ տնտեսավարող սուբյեկտների կողմից, կհամապատասխանեն օրինագծի չափանիշներին, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը:

Օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2020թ. հուլիսի 8-ին:


© 2009 ARMENPRESS.am