Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվեն

10:49, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող տնտեսավարող սուբյեկտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 81 կողմ, 29 դեմ և 3 ձեռնպահ ձայներ:

Այսպիսով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:

Նախագծով սահմանվում է, որ շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման: Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը արգելվում է: Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան եւ անձրեւի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց եւ այն պետք է ապահովի հասանելիությունը գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունը ստուգելու նպատակով:

Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Ակնկալվում է գազաբալոնային համակարգով վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության  բարձրացում:


© 2009 ARMENPRESS.am