Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն    

10:55, 18 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի և Որոտանի (Կուբաթլու) հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զոհված զինծառայողներից 2-ի աճյունները գտնվել են Ջաբրայիլում: Նրանց մարմիններն անճանաչելի են և նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու ինքնությունը: Որոտանի հատվածում հայտնաբերված զինծառայողի՝ Արսեն Մամիկոնյանի ինքնությունը ճանաչել է որոնողական խմբի ուղեկցողը: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների ընթացքում առայսօր հայտնաբերվել են 1238 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում՝ Ֆիզուլու, Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով»,-մանրամասնեց  Թադևոսյանը։


© 2009 ARMENPRESS.am