Արցախի բուհի շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել հունգարական համալսարանում

12:02, 15 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական համալսարանի շրջանավարտները հնարավորություն ունեն մագիստրոսական կրթություն ստանալ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից:

«Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով ՀՊՊԿ համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է մրցույթ: Մագիստրատուրայում սովորելու բոլոր ծախսերը հոգում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանը: Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը` երաշխավորագիր՝  եկեղեցուց (ցանկալի է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանից), մոտիվացիոն նամակ (ուսանողների կողմից գրված), լեզվի իմացության ապացույց (փաստաթղթեր, որ նրանք ունեն անգլերենի Բ1 մակարդակ), բակալավրի դիպլոմ (եթե ուսանողն այս տարի է ավարտում, բավական կլինի ԱրՊՀ-ի կողմից տրամադրված կնիքով տեղեկանք: Այդ դեպքում ուսանողը կարող է դիպլոմն ուղարկել մինչև 2021թ. օգոստոսի 1-ը), բժշկական վկայական (բժշկի թուղթ առ այն, որ չունի հետևյալ հիվանդությունները` ՁԻԱՀ, Հեպատիտ Ա, Բ, Ց կամ այլ վարակիչ հիվանդություն), անձնագիր (կամ նույնականացման քարտ):

Ցանկացողները կարող են դիմել մինչև այս տարվա հունվարի 25-ը: Հավելյալ տեղեկությունների համար պետք է դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին»,- նշված է Արցախի պետհամալսարանի հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am