Ռուսական թատրոնը հետաքրքիր նախաձեռնությամբ շնորհակալություն կհայտնի բժիշկներին

12:52, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ․Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը պատերազմի ընթացքում բժիշկների անձնվեր աշխատանքը գնահատելու, արժևորելու նպատակով նախաձեռնել է «Շնորհակալություն բժիշկներին» նախագիծը, որը մեկնարկելու է հունվարի 16-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ անգնահատելի է այն բժիշկների ներդրումը, որոնք այս ծանր օրերին առաջնագծում ու թիկունքում հերոսական աշխատանք են կատարել՝ փրկելով բազում կյանքեր ու դեռ շարունակում են անտրտունջ ծառայել իրենց գործին՝ հանուն մեր հայրենիքի, հանուն կյանքի, հանուն հայ զինվորի։

Մխիթարյանն ընդգծել է, որ «Շնորհակալություն բժիշկներին» նախագծի շրջանակում թատրոնը հյուրընկալելու է բուժաշխատողների, ինչը թատրոնի համար մեծ պատիվ է:

«Այդպես մենք ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել բուժաշխատողներին՝ նվիրելով նրանց գեղեցիկը։ Իրենց բնակավայրերից հեռու գտնվող փոքրիկների համար նախատեսված հունվարյան բարեգործական «Ձյունե թագուհի» ներկայացմանը, որի բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, ևս չանտեսեցինք բուժաշխատողներին (նյարդաբաններ, վիրաբույժներ)։ Արձագանքները դրական էին։ Եվ այդ ժամանակ էլ առաջացավ նոր նախագծի գաղափարը»,- պատմել է թատրոնի տնօրենը։

Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրել է, որ թատրոնից արդեն կապ են հաստատել տարբեր բուժհաստատությունների հետ և պայմանավորվածություններ ձեռք բերել։ Չնայած  բժիշկների գերծանրաբեռնված գրաֆիկին, նրանք հրավերը սիրով են ընդունել:

«Շնորհակալություն բժիշկներին» նախագծի մեկնարկը կտրվի հունվար ամսվա համար նախատեսված առաջին իսկ ներկայացմամբ՝ ամերիկացի հեղինակ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսով, որի առաջնախաղը կայացել է Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 24-ին: Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։  

Գաղտնիք չէ, որ երբեմն մարդու վարքը ղեկավարվում է բնազդներով:  Դա լա՞վ է, թե՞ վատ, վախենալու՞, թե՞ սրտառուչ՝ կախված է հանգամանքներից: Տասնմեկ կարճ պատմվածքներ՝ կյանքի իմաստի և մեր այսօրվա իրականության մասին:  Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում՝ չնայած նրա անունը լայնորեն հայտնի է թատերական աշխարհում: Ներկայացման ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Պատմություններ գազանների մասին»։ Մեր օրերում գործն ունի արդիական հնչեղություն։


© 2009 ARMENPRESS.am