ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու վերաբերյալ ԼՀԿ-ի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն

20:46, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության իրավաչափությունը քննարկելու Ազգային ժողովի որոշման նախագիծը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել է բացասական եզրակացություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման որոշման նախագիծ է ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» ԱԺ որոշման նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, լինելով խորհրդարանական պետության առաջնային մանդատով օժտված միակ մարմինը, չի կարող մեկուսացած մնալ իրավաքաղաքական և ռազմաքաղաքական գործընթացներից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն անդրադարձել է համաձայնագրի 8-րդ կետին, որը վերաբերում է ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց վերադարձին: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից այդ կետը չի կատարվել, և սա առիթ է այդ հարցն ԱԺ ամբիոնից քաղաքական մակարդակում հնչեցնելու: Ըստ Տարոն Սիմոնյանի՝ խորհրդարանը պետք է արտահայտի իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում միջազգային իրավունքի խախտում պարունակող դրույթները, որոնք հռչակվել են այդ հայտարարության մեջ:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում հույս է հայտնել, որ նախագիծը քննարկելով՝ հնարավորություն կլինի անդրադառնալու հայտարարության 8-րդ կետին, ի լուր աշխարհի ասել, որ Ադրբեջանը հանցագործություն է կատարում, ռազմագերիներին չհանձնելով` խախտում է և՛ Ժնևյան կոնվենցիաները, և՛ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հստակեցրել է, որ փաստաթուղթը իրենց հանձնաժողովում քննարկվում է սահմանված ժամկետում: Նա առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ՝ փորձելով վեր հանել ռազմական հանցագործությունների խնդիրները: Հանձնաժողովի նախագահն այս հարցում կարևորել է գործուն և արդյունավետ քայլերի ձեռնարկումը:

Քննարկումների արդյունքում նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:


© 2009 ARMENPRESS.am