ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում կարևորել է գերիների հարցի լուծումը

18:44, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։

 


© 2009 ARMENPRESS.am