Արմեն Սարգսյանը կոչ է անում առաջնորդվել բացառապես համազգային շահերով

17:33, 8 Հունվար, 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները: 

© 2009 ARMENPRESS.am