Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը

14:53, 31 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է` 8033: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, շտապօգնության ծառայության որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա։

«Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ցուցում: Այս պահին հեռախոսահամարն անվճար է Beeline-ի հաճախորդների համար: Հեռախոսահամարն անվճար դարձնելու համար այլ օպերատորների հետ ևս աշխատանքներ են տարվում»,- նշված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am