«Հայաստան» հիմնադրամն ամանորյա փաթեթներ է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին

17:45, 29 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից տեղահանված շուրջ 700 ընտանիք շարունակում է բնակվել Գեղարքունիքի մարզի 40–ից ավել համայնքներում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան» հիմնադրամից:

Հաշվի առնելով տեղահանվածների սոցիալական ծանր վիճակը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ամանորին ընդառաջ սննդի և տնտեսական պարագաների փաթեթներ է տրամադրել այս ընտանիքներին:

Գավառի, Մարտունու և Սևանի տարածաշրջանների 9 համայնքներում ապաստանած 207 ընտանիքներն արդեն ստացել են այս փաթեթները, որոնք հիմնականում ներառում են թարմ միս, բանջարեղեն, միրգ, աղանդեր, հյութեր և առաջին անհրաժեշտության տնտեսական պարագաներ:

Նման փաթեթներ են ստացել նաև Վարդենիսի 34 համայնքներում ապաստանած արցախցի մեր հայրենակիցները:


© 2009 ARMENPRESS.am