Վլադիմիր Վարդանյանը դատապարտեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակումը

12:33, 28 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դատապարտեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վարդանյանը նշեց խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում իր ելույթում:

«Այսօր տեղի է ունեցել ևս մեկ հարձակում ժողովրդավարության դեմ, որովհետև հարձակվել են մի խումբ պատգամավորների վրա, մասնավորապես` պարոն Սիսակ Գաբրիելյանի վրա` խուլիգանական դրդումներով, ինչը որևէ աղերս չունի ժողովրդավարության, ժողովրդավարական պայքարի ու պառլամենտարիզմի հետ»,- ասաց Վարդանյանը:

Դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջև: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու պատգամավորի միջև վեճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի դիմացը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան:


© 2009 ARMENPRESS.am